38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ստեփան Պողոսյանը՝ երկնային ճանապարհներին

Ստեփան Պողոսյանը՝ երկնային ճանապարհներին
18.05.2012 | 06:05

Իմ նոր գրքում Ստեփան Պողոսյանի մասին գրածս ակնարկը զետեղել եմ «Մեր միջավայրի մարդիկ» գլխում: Այդ գրքում կա նաև «Հուշարձան» բաժին, ուր Հայրիկ Մուրադյանն է, Հենրիկ Մալյանը, Օհան Դուրյանը, Գոհար Գասպարյանն ու շատ այլ մեծեր: Գրքիս տպագրությո՞ւնն ուշացավ, թե՞ Ստեփան Պողոսյանը շտապեց հրաժեշտ տալ...

ԱՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՆՉԸ

Մի քանի տարի առաջ՝ փետրվարի 9-ին, Ստեփան Պողոսյանի հոբելյանը Երևանում նշվեց նախ Գիտությունների ազգային ակադեմիայում. մեծարվեց պատմաբանը, գիտնականը, հրապարակախոսը, պետական գործիչը, միայն հայկական հարցին, հայոց ցեղասպանությանը նվիրված 11 գրքի հեղինակը: Այդ նույն օրվա երեկոյան նրա ընկերները, մերձավորները, նախկին աշխատակիցներն ու… հայրենի գյուղը համարյա ամբողջովին հավաքվեցին Կամերային երաժշտության տանը: Սա արդեն մեկ ուրիշ հանդիսություն էր` Սասնա երգերի ու պարերի մի հիասքանչ ծաղկեփունջ, որ փնջված էր Սասնա սարերից, Սասունից մինչև Արագած լեռան փեշերն ընկած ճանապարհից, Թալինի գյուղերից: Ապուպապերի կարոտ, բույր ու հմայք կար այդ բազմերանգ փնջի մեջ` ամեն ծաղիկը մի երգ, մի պար, ամեն ծաղկաթերթը մի քաջ ֆիդայի, մի հարսնուկ, մի մարե ու մի պապ: Ստեփան Պողոսյանին լավ իմացողները հասկացան, որ այդ հրաշալի երեկոն կազմակերպողներն ու նրա մասնակիցները մեծարման այդ կերպը հյուսել էին այն հենքի վրա, որն ստեղծվել էր անցյալ դարի 80-ականներին, երբ հեռուստատեսությունը հիմնովին փոխել էր իր վերաբերմունքը և դեմքով լիովին շրջվել դեպի ազգայինն ու ավանդականը, դեպի մարդն ու ժողովրդի ավանդությունները: Համայնավարների տոտալիտար կարգերի պայմաններում Պողոսյանի այդ խիզախումը խենթի արած բան էր, մի խիզախ քայլ, որի արդյունքում հեռուստատեսությունը հիրավի դարձավ ազգային` այդ հասկացության ամենաճշմարիտ իմաստով:

ՈՒրեմն, արմատների զորության խնդիր կար, ուրեմն արմատների սնուցող ոգին տվել էր սասունցու այդ խենթ ոգու ճյուղերը: Եվ մեղավորը… իր Պապն է: Պապը մեծատառով գրենք, որովհետև երբ Պողոսյանն առիթ էր ունենում ազգային արժեքների հանդեպ իր սիրուն անդրադառնալ, անպայման վկայակոչում է իր Պապին, ասել է` Պապը նրա համար իր անցած ու անցնելիք ճանապարհի հսկողն էր, խորհրդատուն, ինչպես հեքիաթային իմաստուն ծերունի, որի կերպի մեջ Պողոսյանի համար տեսլանում, մարմին էր առնում Պապը: «Նա իմ ամենամեծ ուսուցիչն է եղել, իմ ամենապաշտելի մարդը: Նա էր ուզում ինձ տեսնել մեր աշխարհի իրական պատմությունը գրողի դերում: ՈՒ, ի վերջո, Պապը հաղթեց»:

Ինչու՞ սասունցիները գաղթեցին Թալին, ինչու՞ հենց Արագածի` այդ քարքարոտ, հողազուրկ փեշերին բնավորվեցին: Մի՞թե այդ երկար ու ձիգ ճամփեքին գետափերով ու անտառներով հարուստ, ավելի բարեբեր տարածքներ չկային: Ստեփան Պողոսյանը դրա յուրովի բացատրությունն ուներ: Նա նախ վերհիշում էր Համո Սահյանի տողերը. «Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Արագած սարի փեշերին կպած Սասնատուն չկա»: Հետո բացատրում էր. «Գյումրի գնալու ճանապարհին, ՈՒջան գյուղն անցնելուց հետո, նայեք դեպի աջ` Արագածի կողմը` ճիշտ ու ճիշտ Սասունն է: ՈՒ կհասկանաք, թե ինչու՞ են եկել ու այդտեղ ապրել»: «Սասունի հմայքը,-շարունակում է Պողոսյանը,- հերոսականության մեջ է: Սասունցին պահեց իր փառքը, իր սովորույթները»:

Ստեփան Պողոսյանի կենսագրության մեջ մի հատված կա, որ իրենը լինելով` նաև մեր բոլորինն է: Դա հեռուստառադիոպետկոմի նախագահ եղած շրջանն է, երբ մեր հեռուստատեսությունը հիրավի դարձավ ազգային: Երբ 1965-ից մենք ինչ-որ չափով Եղեռնի ոգեկոչման «իրավունքն» ունեինք արդեն, այն ժամանակ դա սահմանափակվում էր Ծիծեռնակաբերդ այցով: Պողոսյանը Պողոսյան չէր լինի, եթե թողներ, որ ոգեկոչման այդ արարողությունն ավարտվեր Եղեռնի հուշարձանին ծաղիկներ դնելով միայն: Նա կարողացավ հեռուստատեսության հզոր ուժն օգտագործել` արարողությունը վերածելով համազգային ոգեկոչումի, որը միայն այդ օրով չսահմանափակվեց, և այլևս հեռուստաէկրանին մնացին ու մշտական եթերաժամեր դարձան ազգային մնայուն արժեքների մասին պատմող, դրանք ներկայացնող հաղորդաշարեր: Եվ եթե 88-ի մեր ազգային վերազարթոնքին ինչ-որ չափով պատրաստ էինք, դա հիրավի ազգային կոչված հեռուստատեսության շնորհիվ էր նաև:

Իսկ հիմա՞: Հիմա ի՞նչ, հավաքվելու ենք, որ ճանապարհենք՝ նրա հոգու ներկայությունն ունենալով մեզ հետ, մեր միջավարում: Ճանապարհենք կսկիծով, տրտմությամբ, հեռուստատեսության լավագույն տարիներին իր հետ, իր ղեկավարությամբ աշխատած մարդու հպարտությամբ:

Լույս` նրա անցնելիք երկնային ճանապարհներին:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ